Հայաստանը 2015-ից ամբողջությամբ կանցնի թվային հեռուստատեսության

Կառավարության` այսօր կայացած հերթական նիստում հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95%-ը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների մշակած տեխնիկական առաջադրանքում ճշգրիտ է նկարագրվել, թե հեռուստատեսության թվայնացման համար մրցույթ կազմակերպելու ինչ տեխնիկական պահանջներ են սահմանվում։ «Փաստորեն այս որոշումով մենք հաստատում ենք այդ տեխնիկական պահանջները և մրցույթին հրավիրելու ենք այն ընկերություններին, որոնք կստանձնեն այդ պարտականությունը` թվայնացնել մեր հեռուստատեսությունը։ Մենք Եվրամիության առջև ունենք պարտավորություն և մինչև 2015թ. պետք է իրականացնենք այդ գործը»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել