Կիսասոված լինելը սարսափելի չէ. շեշտը ճիշտ դնենք

Առաջին սղոցող նախադասությունը Արցախի դաժան շրջափակման սկզբում Ամանորից առաջ հայտնած լուրն էր, թե հումանիտար օգնության շրջանակում Արցախ է հասել այսքան կգ գազար։

Հիրավի՝ բազմանկյուն ողբերգության կոնտեքստում ստեպղինի մուտքը Արցախ գլխավոր լուր էր։

Դրան հաջորդեցին արցախահայերի դրամատիկ իրականության լուսանկարները։ Դրանք հիմնականում, այնուամենայնիվ, սննդի ու լայն սպառման ապրանքների շուրջ էին։

Ապա, սկսեց ստեղծվել պատմական այս փուլի մասին հումորը, ինչն ամենաառողջ արձագանքն էր ստեղծված իրավիճակին, և ինչն ամենահամոզիչն էր վկայում, որ արցախցիները դեռ լավ են։ Բայց հումորն էլի պարենային ու լայն սպառման ապրանքների շուրջ էր։

Բանջարեղենի ու կարտոֆիլի պակասը աստիճանաբար սկսեց դառնալ ավելի կարևորվող՝ գոնե բանավոր ու գրավոր թեմաներում, քան ադրբեջանցի սպառնալի «բնապահպանների» անպակասությունը։

Ապրանքային շրջափակման շուրջ ստեղծված հումորներից թերևս միայն մեկը ճեղքեց պարենային վարագույրն ու մտավ այլ դաշտ՝ «հենց ստեփանակերտցի կանանց մազի ներկը վերջանա, կանայք Շուշին հետ են վերցնելու»։

Արցախի շրջափակումը հետևողականորեն պարենային դաշտ ուղղորդելու հարցում, թվում է, թշնամին պետք է հետաքրքրված լիներ, բայս ստացվում է այնպես, որ մենք՝ հայաստանաբնակ և արցախաբնակ հայերս ենք անում, և՝ հիմնականում՝ (հուսամ՝ հիմնականում), անգիտակցաբար։

Ստեպղինի՝ Ստեփանակերտ հաղթական մուտքից հետո, թեմա դարձավ պարենային կտրոնը, ինչը, իրականում ամենաճիշտ ու կանոնավորող քայլն էր ստեղծված իրավիճակում, որ մթերք ունենան բոլորը, այլ ոչ թե միայն ճարպիկները։

Կարճ ասած՝ մեր սոցցանցերի արցախյան առօրյայի շեշտադրումն այսօր պարենային է։

Արցախի հետ իմ ամենօրյա կապը զբաղեցնում է օրվա մեծ մասը։ Իրական պատկեր զգալու համար շփվում եմ և՛ սոցիալապես ապահով շերտի, և՛ միջին ապահովության շերտի, և՛ անապահով խավի հետ։ Շփվում եմ անընդհատ, տեղյակ եմ բոլոր դժվարություններին, վախերին, մտավախություններին, ապրումներին, նաև՝ նպատակներին։

Ինձ համար դժվար ու զսպող է այն հանգամանքը, որ ես, որպես հայաստանաբնակ հայ ապրելով լուսավոր, ջեռուցվող, ապահով տան մեջ, գրում եմ այս պարենային շեշտադրման մասին, քանի որ ցանկացած մեկն անմիջապես կարող է հակադարձել ինձ, ասելով՝ քեզ ի՜նչ կա․․․

Բայց, ինձ էլ բան կա․․․ շատ բան կա․ ամենապարզերից ու պարզունակներից մեկն էլ այն, որ ես ու հայաստանաբնակ բոլոր հայերը, չնչին տոկոս բացառությամբ, անցել ենք հացի կտրոնի, պարենային պակասի քաղցած եկար տարիներ, ապրել ենք անլույս, անգազ, չձեռուցվող ցուրտ տներում երեք տարի, և այս թեման կարող է մեզ այնքան էլ սարսափելի չթվալ։

Սակայն մենք ազատված ենք եղել մի քանի մետրի վրա գտնվող շատ դաժան թշնամու ներկայությունից, որի միակ նպատակը Արցախը հայերից դատարկելն է։ Սա է միակ թեման։ Սա՛ պետք է լինի մեր միակ թեման։ Ցանկացած արցախցու հետ հեռախոսազրույցի վերջում ես ասում եմ սա՝ ներողություն խնդրելով, որ կուշտ եմ, չեմ մրսում, բայց ասում եմ իրավունքով, որովհետև ապրել եմ կիսաքաղց, մրսած, անլույս․․․ և որպես հավելում ասեմ, որ երբ կողքի բոլոր երեք շենքերում կար «լևի» լույս, մեր տանն այդ լույսը չկար, որովհետև տանը, որտեղ ապրում էի, կար այսպիսի կարգախոս՝ երկիրը պատերազմի մեջ, ես պետությունից լույս չեմ գողանալու։

Եվ երբ բոլոր զրույցների վերջում ես ասում եմ՝ կիսասոված լինելը սարսափելի չէ, մենք մի խնդիր ունենք միայն՝ Արցախի անվտանգությունը, ադրբեջանցի «բնապահպանների» շատ մոտ ներկայությունը, և աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքից զրկված լինելը, բոլոր արցախցիներն ինձ հետ համաձայն են լինում, և դա բնական է։ Բայց զրույցից անմիջապես հետո սոցցանցերում շարունակվում է պարենային պակասի շուրջ զրուցապատումը։

Ի վերջո, «հումանիստ» Ադրբեջանը մի քանի հսկայական մեքենաներով կարտոֆիլ ու առասպելական դարձած գազար կարող է բերել Արցախ, ալյուրն էլ մեկ ուրիշ մեքենայով, ու ասի՝ խնդիրը որն է, կամ ստեփանակերտերեն՝ «պռաբլեման հինչո՞ւմ ա»։ Եվ ինչ ենք պատասխանելու։ Նրանք կարող են կշտացնել, խնդիր չունեն։

Արցախցիների հետ բոլոր զրույցների վերջում մենք միասին գալիս ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը փակել է, որ հետո երբ բացի,- իսկ նա կբացի,- որ մարդիկ դուրս գան, դուրս գան անվերադարձ, դեպի ազատ կյանք, դեպի Ստավրոպոլ, Կրասնոդար, դեպի անվտանգ կյանք։

Եվ Արցախը կհանձնվի։ Սա բացատրելու կարիք չկա, սա գիտեն բոլոր արցախցիները։

Բայց սոցցանցերը, հայաստանաարցախյան խոսույթը հիմնականում պարենային է։ Այն դեպքում, երբ ոչ մի արցախցու հոգին, ուղեղը մթերքը չի անհանգստացնում, այլ իր երկիրը՝ միակը, դժվարը, կորցնելու վտանգի առաջ կանգնածը։

Ուրեմն, հետևենք մեր խոսքին, մեր շեշտերին, զրույցի բովանդակությանը։ Ոչ միայն դրսի համար իրական պատկերը ցույց տալու, այլև սեփական միտքը սթափ պահելու համար։

Ինձ համար ցուցանիշային միջինից ցածր ապահովության ընտանքիներից մեկի հետ խոսելիս, խոսակիցս մտավախություն հայտնեց, որ ասում են, թե ջուրը կարող է կտրեն։ Խելքիս եկած առաջին բաներն ասացի՝ չաները լցրեք ջրով, դրսում ձյուն կա, ու սառցարանդ սառույցով լցրու, պատասխանեց՝ «մառազիլնիկը մսավ լցրած ա, տեղ չկա»․․․

Սիրելի արցախահայեր, դուք հո գիտեք, որ ինչ-ինչ՝ ուտելիքի հարցում հայերը տարօրինակ ապրումակցում ունեն, ու եթե մի ելք լիներ, Հայաստանի հայերը իրենց ունեցածի կեսից շատը կուղարկեին ձեզ՝ կարագից մինչև մազի ներկ ու ծխախոտ։ Մոռացե՛ք իրար ասած բոլոր անմիտ բաները, Հայաստանի հայերը պատրաստ են իրենց ունեցած-չունեցածը ուղարկել ձեզ, որ սնված լինեք, տաք լինեք, հիշեք սա, ու ձեզ մենակ մի զգացեք, բայց Հայաստանի հայերին ու Արցախի հայերին պետք է մի բան միայն՝ անվտանգ լինենք, մեր երկրում լինենք։

Սրա մասին խոսենք։ Ավելի շատ սրա´ մասին խոսենք։

Մեկնաբանել