Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022-ի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:

***

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 51-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել