Ռուսաստանը Չինաստանին $600 մլն-ի ուղղաթիռ կմատակարարի

Ռուսաստանի Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը երեկ Ինտերֆաքսին տեղեկացրել էր, որ այս տարվա հուլիսին ստորագրվել է Չինաստանին 55 Ми-171Е տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման գործարք։ Գործարքի արժեքը կազմել է ավելի քան $600 մլն, ռուսական «Վեդոմոստի» թերթին հաղորդել են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների՝ գործարքի հետ կապ ունեցող երկու մենեջերներ, իսկ մատակարարումները ծրագրվում է իրականացնել մինչև 2014թ․ վերջ։ Ուղղաթիռները մատակարարվում են «Ռոսօբորոնէքսպորտի» միջոցով՝ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի համար, տեղեկացրել են նրանք։ «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց։

Սա Չինաստանին սպառազինությունների մատակարարման երկրորդ գործարքն է այս տարի, որի մասին հայտնի է դարձել։ Փետրվարին կնքվել էր $700 մլն-ի 140 АЛ-31Ф ավիաշարժիչների (նախատեսված ավելի վաղ մատակարարված Су-27/30 կործանիչների համար) մատակարարման գործարք։

Ми-8/17 տիպի ուղղաթիռներ, որի մոդիֆիկացիան է Ми-171-ը, նախկինում էլ են մատակարարվել Չինաստանին։ 2005թ․ և 2009թ․ Չինաստանի հետ կնքվել և իրականացվել են համապատասխանաբար 24 և 32 Ми-171-երի մատակարարման գործարքներ, իսկ Ժողովրդաազատագրական բանակի սպառազինության տակ , Military Balance տեղեկատուի տվյալներով, կա այս տիպի ավելի քան 200 ուղղաթիռ, և զգալի մասը շահագործվում է քաղաքացիական ավիաընկերությունների կողմից։

Մեկնաբանել