ԵԽ-ն դատապարտում է ԼՂ-ում հայկական մշակութային արժեքների ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը

Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։ Հստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:

Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը: Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»:

Մեկնաբանել