«Մալաթիա» տոնավաճառի աշխատանքի արգելքի հարցը կքննարկվի խնդիրները վերացնելուց հետո

Ավարտվել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և ներկայացուցիչների ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի միջև հանդիպումը, հայտնում են տեսչական մարմինից։

Հանդիպմանը քննարկվել են տեսչական մարմնի կողմից տոնավաճառում արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման հարցը։

«Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում։

Տոնավաճառի տնօրինությունը նաև պետք է ներկայացնի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։

«Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։ Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։

Մեկնաբանել