Պապիկյանը հանկարծակի այցեր է կատարելու զորամասեր

Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր, դրանք լինելու են շարունակական և կրելու են նաև անակնկալ բնույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հանկարծակի այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

«Այցերի ընթացքում պաշտպանության նախարարը նաև անմիջական զրույցներ կունենա զինվորների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։ Պետք է իսպառ բացառվեն ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, անփութության, անկարգապահության հետևանքով տեղի ունեցող դեպքերը։ 2023-ը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի»,- ասված է հաղորդագրությունում։

Փետրվարի 1-ին նման այցով Պապիկյանը եղել է ՊՆ զորամասերից մեկում և հետևել է օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։

«Տեղի է ունեցել զինծառայողների հետ անկեղծ զրույց, որի ընթացքում պաշտպանության նախարարը հետաքրքրվել է ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով: Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել