ԱՄՆ-ը Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդական է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնում է նշանակել Լուիս Լ. Բոնոյին, հայտնում է Պետքարտուղարության կայքը։

«Պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանի ղեկավարների հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և անդրադառնալու Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող բռնազավթմանը», – գրել է Բլինքենը:

Հայտարարությունում նշվում է, որ Լուիս Բոնոն աշխատել է Վիեննայում որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի գրասենյակներում ԱՄՆ-ի գործող ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում որպես գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականի պաշտոնում: Նա թոշակի է անցել բանակի ռեզերվից, որտեղ նա հրահանգիչ էր Ուեսթ Փոյնթում և Բանակի պատերազմի քոլեջում:

Հայտարարությունում նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը:

«Պարոն Բոնոն կներգրավվի երկկողմանիորեն, համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության հետ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար։ Նրա նշանակումը նաև վերահաստատում է այն կարևորությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների դերին, որը միակ միջազգային ձևաչափն է, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակական բռնազավթմանը», – եզրափակել է Բլինքենը:

Փետրվարի 1-ի ճեպազրույցում Պետքարտուղարության փոխխոսնակը, պատասխանելով լրոգրողի հարցին, հայտնել է, որ Բոնոն, ինչպես իր նախորդը, ներկայացնելու է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 4-ին հայտարարել էր, որ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Ռիկերն այդ պաշտոնում նշանակվել էր 2022-ի օգոստոսի 25-ին։

Մեկնաբանել