«Ֆայն քարս օֆ Արմենիան» գործարարից պահանջում է 39 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում. մանրամասներ նիստից

«Ֆայն քարս օֆ Արմենիա» ընկերությունն ընդդեմ գործարար Անդրանիկ Պողոսյանի (Անթրանիկ Բողոսսյան) գործով հունվարի 31-ին հերթական նիստն էր։ Այս հայցը ներկայացրել է ընկերությունը՝ գործարարից պահանջելով 39 մլն դրամ՝ որպես վնասի հատուցում։

Վեճի առարկան պատճառված վնասի հատուցումն է։ Անդրանիկ Պողոսյանը պնդում է, որ 2019-ի հունիսի վերջին ավարտել է Երևանի Վերին Անտառային 138/2 հասցեում կառուցված երկհարկանի բիզնես շինության կառուցումը և հանձնել «Ֆայն քարս օֆ Արմենիա» ընկերությանը։ Այս ընկերությունը «Jeep»-ի, «Alfa Romeo»-ի, «Fiat»-ի և մեքենա արտադրող այլ ներկայացուցիչների մոդելներն է ներկայացնում Հայաստանում։ Ընկերությունը այս տարածքում հիմնել է ավտոմեքենաների վաճառքի կետ։ Ի սկզբանե կողմերի միջև կնքվել է վարձակալության նախնական պայմանագիր, քանի որ այդ ընթացքում առկա չէր շինության ավարտական ակտը։ Հետագայում, ըստ Անդրանիկ Պողոսյանի, վարձակալը վճարները ձևակերպել է որպես փոխառություն՝ պատճարաբանելով, որ հիմնական պայմանագրի բացակայության բերումով այդպես է հարկավոր անել։ Մյուս կողմից «Ֆայն քարս օֆ Արմենիա» ընկերությունն էլ պնդում է, որ Անդրանիկ Պողոսյանը միտումնավոր չի կնքել վարձակալության հիմնական պայմանագիրը ու խոչընդոտել է ընկերության գործունեությունը։

Այս գործով մեկ տասնյակի հասնող հայցեր կան, կողմերն իրար դատի են տալիս ու 2020-ի կեսերից դատարաններում վիճարկում են տարբեր հարցեր։

Հունվարի 31-ի նիտը «Ֆայն քարս օֆ Արմենիա» ընկերության հայցի քննությանն էր վերաբերում։ Ընկերությունը պնդում է, որ Անդրանիկ Պողոսյանի գործողությունների հետևանքով 39 մլն դրամ վնաս է կրել, այս գումարն իր մեջ ներառում է մի շարք ներդրումներ, ինչպես նաև գեներատորի ծախսերը։ Ըստ կողմի՝ Անդրանիկ Պողոսյանը անջատել է շինության տարածքի հոսանքը, ինչի հետևանքով ինքը ստիպված գեներատոր է ձեռք բերել ու մեկ ամսից ավելի աշխատացրել այն սեփական միջոցներով։

Դատական նիստին Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ Մարգարիտա Միրզախանյանը առարկեց հայցի դեմ։ Նա ասաց, որ ի սկզբանե կողմերի միջև կնքվել էր վարձակալության նախնական պայմանագիր, սակայն հետագայում ընկերությունը որոշ պահանջներ է ներկայացնել շինության կառուցվածքի հետ կապված, և Անդրանիկ Պողոսյանը ստիպված է եղել լրացուցիչ շինարարական աշխատանքներ կատարել, ինչով պայմանավորված էլ ավարտական ակտի ստացումը ձգձգվել է. «Պատասխանողի մեղքն ամբողջությամբ բացակայում է, որևէ հակաօրինական վարքագիծ ենթադրյալ վնասի առկայության դեպքու կողմը չի դրսևորել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ որևէ ապացույց չկա, որ էլեկտրաէներգիան հենց Անդրանիկ Պողոսյանն է անջատել։ Ըստ ներկայացուցչի՝ եթե անգամ հոսանքը անջատված լիներ, վնասները կրելու էր Պողոսյանը։ Նա նաև շեշտեց, որ հիմնական վարձակալության պայմանագիր չի կնքվել հայցվորի, տվյալ դեպքում «Ֆայն քարս օֆ Արմենիա»-ի նախաձեռնությամբ։

Ընկերության ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում պայմանագիր կնքելու հարկադրման քաղաքացիական գործով ինչո՞ւ էր Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչը առարկում իրենց պահանջի դեմ՝ հայտնելով, որ քանի դեռ ավարտական վկայական առկա չէ, չեն կարող կնքել պայմանագիր։

Մարգարիտա Միրզախանյանը խնդրեց հարցը հանել՝ հիմնավորելով, որ այդ ընթացքում ինքը չէր Պողոսյանի ներկայացուցիչն ու նման կարծիք չի հայտնել։ Էդգար Հակոբյանը նույն հարցն ուղղեց նաև դատարանում ներկա Անդրանիկ Պողոսյանին։

Պողոսյանը ասաց, որ առաջին պայմանագիրը կնքելուց հետո ընկերությունը նոր պահանջներ դրեց իր առջև՝ սկսած սալիկի ձևի փոփոխությունից՝ մինչև սենյակների ավելացում, և որոշ փաստաթղթեր ուշացումով ներկայացրեց։ Այդ պատճառով ձգվեց ավարտական ակտի համար փաթեթի դիմումի կազմումը, իսկ դիմումը ներկայացնելուց հետո ակնկալվում էր, որ ավարտական ակտը կստանան երկու ամսում, մինչդեռ քաղաքապետարանը ևս ձգձգում էր գործընթացը. մեկ ու կես տարի պահանջվեց մինչև ստացան ավարտական ակտը։

Հետագայում, երբ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչը դիմեց հիմնական պայմանագիր կնքելու համար, ըստ կողմի՝ ընկերությունը սկսեց նոր պահանջներ ներկայացնել, օրինակ՝ նվազեցնել կուտակված պարտքը, փոխել վարձավճարի չափը և այլն։

«Մենք արդեն հասկացանք, որ գործ ունենք մարդու հետ, որն ուզում է խուսափել իր պարտավորություններից, արդեն մեկ տարի շահագործել էր իմ շենքը, դատարան մտնելուց հետո ևս վեց ամիս շահագործեց՝ փաստացի մեկ ու կես տարի տարածքը օգտագործելով առանց մեկ լումա ինձ վարցավճար տալու»,- նշեց Պողոսյանն ու հարց ուղղեց Էդգար Հակոբյանին՝ ճշտելով, թե կարող են ներկայացնել որևէ փաստարկ, որտեղ նշված լինի, որ այդ ողջ ընթացքում ընկերություն շենքն անհատույց պետք է վարձակալեր։

Անդրանիկ Պողոսյանը դեռ չէր ավարտել, երբ նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը ընդհատեց նրան՝ հայտնելով, որ նույն նիստերի դահլիճում նախատեսված է մեկ այլ գործի քննություն։ Դատավորը հետաձգեց նիստը և նշանակեց մայիսի 11-ին։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ «Ֆայն քարս օֆ Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել