Եթե Հայաստանը դեռ հետաքրքրված է՝ ՀԱՊԿ առաքելությունը կարող է 1-2 օրում տեղակայվել․ Լավրով

Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտագին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասում իրավիճակի, ԼՂ հակամարտության, տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցերի մասին։

Նա վստահեցնում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ուղիներ որոնելու հարցում։

Լավրովը հիշեցրեց, որ 2022-ի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին «անմիջապես ուղարկել են» Հայաստան, որը հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու նախագիծ մշակեց։

«Այդ նախագիծը վաղուց պատրաստ էր, բայց հայկական կողմը մեզ չշտապեցրեց։ Արդեն Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին մենք հանգել էինք համապատասխան որոշման, բայց հայ գործըկերներն ասացին, որ իրենց այդ որոշումը պետք կգա, եթե դրանում կդատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան ոչ բոլորն էին պատրաստ, և ոչ թե նրա համար, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել, մյուսին չսատարել, այլ ուղղակի Ղարաբաղյան պատերազմը տասնամյակների պատմություն ունի»,- ասաց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ երկար տարիներ «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի շուրջ (նկատի ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ կամ Ադրբեջանի – խմբ․) 7 շրջանները», իսկ հետո «վհատված՝ ցանկացել է հարցը լուծել քաղաքական ճանապարհով»։

«Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, Հայաստանի նախկին իշխանությունը ոչ այնքան դրական էր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չի հավակնել։ Այո, Ադրբեջանը վերադարձրեց այն տարածքները, որոնք իրեն էին պատկանում»,- նշեց նա։

ՌԴ արտգործնախարարը նաև նկատեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հովանու ներքո ստորագրել են փաստաթուղթ, որով պատրաստակամություն են հայտնել խաղաղության պայմանագիր կնքել Ալմա-Աթայի 1991-ի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա։

«Մեզ համար արդեն դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնում են Խորհրդային Միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմաններով։ Իսկ Ադրբեջանի ԽՍՀ կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է և այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ն այս բարդ իրավիճակում պատրաստել է խաղաղապահ առաքելության տեղակայման նախագիծ, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր»,- ասաց նա։

Լավրովը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը դեռ ուժի մեջ է․ «Եթե մեր հայ գործընկերները դեռ հետաքրքրված են դրանով, այդ առաքելությունը կարող է 1-2 օրվա մեջ տեղակայվել»։

Մեկնաբանել