ԶՈւ ինժեներական պահեստում արված ստուգումների արդյունքում արձանագրվել է 93,7 մլն դրամի պակասորդ

Զինդատախազությունը ստուգումներ է կատարել զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում, որի արդյունքում հայտնաբերել է 93 մլն 723 հազար դրամի պակասորդ։

Ուսումնասիրություններն իրականացվել են 2022-ի նոյեմբերի 2-ից մինչև 2023-ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում։

Հաղորդագրությունում նշվում է, որ կատարվել են արտահերթ գույքագրումներ, ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը, ինչպես նաև ստուգվել է ԶՈւ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին:

«Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ, հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր»,- նշում են դատախազությունից։

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ քննչական կոմիտեում նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ:

Մեկնաբանել