Լարսը փակ է, դժվարանցանելի և փակ ճանապարհներ կան նաև Հայաստանում

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

«Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

«Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի, Սյունիքի (բացի Կապան, Մեղրի, Գորիս քաղաքներից) մարզերում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարար ծառայությունից հայտնում են նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։