Ֆրանսիայում մեկնարկել է կամերային երաժշտության` Եվրոպայի ամենամեծ փառատոնը

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ժիվերնի քաղաքում մեկնարկել է կամերային երաժշտության` Եվրոպայի ամենամեծ փառատոնը, որին այս տարի մասնակցում է 70 թավջութակահար, դաշնակահար, ալտահար, կոնտրաբասահար աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Նորվեգիայից, Լեհաստանից և այլն:

Առաջիկա 10 օրերին նրանք 11 համերգ կտան, որոնք հիմնականում Ժիվերնիի մայր տաճարում և Իմպրեսիոնիստների թանգարանում կկայանան: Ակնկալվում է, որ այս տարի փառատոնին կմասնակցեն մի քանի հազար ֆրանսիացներ և հյուրեր:

Փառատոնի տնօրեն Մայքլ Շտրաուսի խոսքով` փառատոնի ծրագիրը երկու մասից է բաղկացած` «Երաժշտություն և բնություն» և «Վիեննական երաժշտություն»:

«Մենք աշխատել ենք փառատոնը նոր ձևերի և ուղղությունների երաժշտությամբ հարստացնել, ինչպես նաև էլ ավելի հետաքրքիր և վառ դարձնել` ներգրավելով հայտնի երաժիշտների, հեղինակավոր մրցանակների դափնեկիրների»,- ասել է նա: Այս տարի փառատոնին կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի և Բրամսի ստեղծագործությունները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորներ Կայ Սաարիահոյի և Տյերի Պելիկանի երկերից կազմված հատուկ ծրագիրը: Վերջին երկու կոմպոզիտորները նաև փառատոնի պատվավոր հյուրերն են:

Փառատոնն իր առաքելություններից է համարում երիտասարդ կատարողներին լսարանի տրամադրումը: «Ամեն տարի մենք մի շարք երիտասարդ երաժիշտների ենք հրավիրում, որոնց համար փառատոնը լսված լինելու հիանալի հնարավորություն է»,-ասում է տնօրենը:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2004թ.:

Մեկնաբանել