Պարեկներին հարվածելու համար մեղադրանք է ներկայացվել հերթական քաղաքացուն

Ոստիկանության պարեկային ծառայողների գործունեությանը միջամտելու համար մեղադրանք է ներկայացվել հերթական քաղաքացուն, հայտնում է քննչական կոմիտեն։

«Հունվարի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, պարեկները Երևանի Օհանովի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչին միջամտել և խոչընդոտել են երկու քաղաքացիներ: Պարեկների՝ իրենց գործողությունները, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը չխոչընդոտելու և երթևեկելի ուղեգոտուց դուրս գալու խնդրանքին ի պատասխան՝ հիշյալ քաղաքացիները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Պարեկները նշված անձանցից մեկին փորձել են նստեցնել ծառայողական ավտոմեքենան, որի ընթացքում մոտեցել են այլ քաղաքացիներ, որոնք սկսել են քաշքշել նրանց, ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ հասցնել ոստիկաններից մեկի մարմնի տարբեր հատվածներին»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննությամբ պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը ձերբակալվել է․ «Միջադեպին մասնակից մյուս անձինք, օգտվելով ստեղծված իրավիճակից, դիմել են փախուստի»:

«Դեպքի ամբողջական հանգամանքները, ինչպես նաև մասնակից մյուս անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու նպատակով պահանջվել են տեսախցիկների տեսագրությունները, ինչպես նաև Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն: Հարուցված քրեական հետապնդման հիման վրա ձերբակալված անձին ներկայացվել է մեղադրանք։ Վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,- տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Մեկնաբանել