Նախիջևանի քրեակատարողական ծառայության պետը կալանավորվել է յուրացման մեղադրանքով

Իսմի Աղաև, OC Media

Նախիջևանի քրեակատարողական ծառայության պետը ինքնավար հանրապետության վերջին բարձրաստիճան գործիչն է, որը կալանավորվել է յուրացման և կաշառակերության մեղադրանքով:

Բաքվի դատարանը հունվարի 27-ին Թոֆիգ Հասանովի նկատմամբ խափանման միջոց է կիրառել չորս ամսվա նախնական կալանքը: Հասանովին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում, եթե նրա մեղքն ապացուցվի։

Նրան մեղսագրվող հափշտակության կամ կաշառքի չափերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Հասանովի ձերբակալությունը վերջինն է Նախիջևանում ադրբեջանական իշխանությունների ակնհայտ բռնաճնշումների շարքում, ինչը խորացնում է ենթադրությունները, որ Բաքուն կարող է փորձել բարձր ինքնավարություն ունեցող էքսկլավն առնել իր անմիջական վերահսկողության տակ:

Անցյալ տարեվերջին մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվեց, այդ թվում՝ ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը, նույնպես յուրացման մեղադրանքով:

Նախիջեւանի քրեակատարողական ծառայության պետ Թոֆիգ Հասանովը, լուսանկարը՝ apa.az-ի։

Վասիֆ Թալիբովը, որը 27 տարի ղեկավարել էր Նախիջևանը որպես ինքնավար հանրապետության Գերագույն ժողովի նախագահ, նույնպես հրաժարական է տվել բարձրաստիճան այս ձերբակալություններից անմիջապես հետո:

Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆուադ Նաջաֆլիին նշանակել է Նախիջևանում իր հատուկ ներկայացուցիչ։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի իշխանությունները գրեթե վեց ամիս փակ մնալուց հետո Նախիջևանից վերաբացել են Թուրքիայի հետ ցամաքային սահմանը։ Ըստ Ադրբեջանի սահմանային իշխանությունների՝ էքսկլավի բնակիչներին թույլատրվում է Թուրքիա անցնել միայն սեփական անձնական մեքենաներով։

Չնայած այս սահմանափակումներին՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանային անցակետը ճանապարհորդության համար Ադրբեջանի միակ ցամաքային սահմանն է։

Մեկնաբանել