Բայդենը Պուտինին առաջարկած է եղել Ուկրաինայի 20 տոկոսը՝ դադարեցնելու պատերազմը․ Newsweek

Ամերիկյան Newsweek հանդեսը, վկայակոչելով շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը, գրում է, որ անցյալ տարեվերջին ԱՄՆ-ը Մոսկվային ու Կիևին խաղաղության պլան է առաջարկել, որը երկուսի կողմից էլ մերժվել է։ Newsweek-ի հրապարակած հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Սպիտակ տունը և Կենտրոնական հետախուզական վարչությունն (ԿՀՎ) արձագանքել են հոդվածին, որ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ուկրաինայի տարածքի հինգերորդ մասը՝ դադարեցնելու շարունակվող պատերազմը՝ որպես նախագահ Ջո Բայդենի անունից ներկայացված խաղաղության ծրագրի մաս:

ԿՀՎ-ի մի պաշտոնյա Newsweek-ին ասել է, որ շվեյցարական գերմանալեզու Neue Zürcher Zeitung թերթի հրապարակման պնդումները, որ Բըրնսը հունվարին գաղտնի մեկնել էր Մոսկվա և Սպիտակ տան անունից խաղաղության առաջարկ ներկայացրել, «լրիվ սուտ» է։

Անցյալ ամիս Բըրնսը գաղտնի մեկնել էր Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, գրել է The Washington Post-ը:

Նշվում է, որ Բըրնսը հունվարի կեսերին ներկայացրել է 2022-ի փետրվարի 24-ին բռնկված պատերազմին վերջ տալու պլան: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Neue Zürcher Zeitung-ը՝ վկայակոչելով գերմանացի բարձրաստիճան դիվանագետների:

Թե՛ Կիևը, թե՛ Մոսկվան մերժել են առաջարկը:

Newsweek-ը մեկնաբանությունների համար դիմել է Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություններին։

Ըստ շվեյցարական թերթի՝ խաղաղության պլանով առաջարկվում էր «Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը»՝ մոտավորապես Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանի չափով:

Կիևը մերժել է առաջարկը «քանի որ չի ցանկանում մասնատել իր տարածքը», մինչդեռ ռուս պաշտոնյաներն էլ ասել են, որ իրենք «երկարաժամկետ հեռանկարում կհաղթեն պատերազմը», գրել է թերթը:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի փոխխոսնակ Շոն Դավեթը Newsweek-ին ասել է, որ Neue Zürcher Zeitung-ի զեկույցը «ճշգրիտ չէ», և որ ԿՀՎ-ն կասի նույնը:

Ըստ թերթի՝ գերմանացի քաղաքական գործիչներն ասել են, որ Բայդենը ցանկանում է խուսափել Ուկրաինայում երկարատև պատերազմից, ուստի տարածքն առաջարկել է որպես խաղաղության ծրագրի մաս։

Եվ երբ Ուկրաինան և Ռուսաստանը մերժեցին առաջարկը, Բայդենի վարչակազմը Կիևին խոստացավ տրամադրել Abrams տանկեր, գրել է թերթը:

Հունվարի 25-ին ԱՄՆ-ը երկար քննարկումներից և մտորումներից հետո հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի մինչև 31 M1 Abrams տանկ: Ըստ լուրերի՝ տանկերի ժամանումը կարող է ամիսներ տևել:

Հաղորդվում է, որ գերմանացի երկու պաշտոնյաներն ասել են, թե ԱՄՆ պաշտոնյաները տարաձայնություններ ունեն՝ ինչպես վարվել մեկ տարի առաջ սկսված ուկրաինական պատերազմի հետ:

Բըրնսը և Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը «ցանկանում էին արագ ավարտել պատերազմը, որպեսզի կարողանան կենտրոնանալ Չինաստանի վրա», մինչդեռ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «չէին ցանկանում թույլ տալ, որ Ռուսաստանն անպատիժ մնա կանոնների վրա հիմնված միջազգային կարգը կործանելուց և կոչ են արել զանգվածային ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»:

Գերմանացի պաշտոնյաներից մեկը Neue Zürcher Zeitung-ին ասել է, թե գնալով ավելի պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը պատրաստվում է երկարատև քայքայման պատերազմի: Նա մտահոգություն է հայտնել, որ Գերմանիան տնտեսապես, ֆինանսապես և ռազմական առումով տուժելու է նման պատերազմից։

Գերմանիան իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 14 Leopard 2A6 տանկ և թույլ կտա գործընկեր երկրներին ևս վերաարտահանել այդ տանկերից՝ Կիևին աջակցելու համար:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունվարի 26-ին հայտարարել է, որ խոստացված Leopard 2 տանկերը Ուկրաինա կժամանեն մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Newsweek-ին ասել է, որ Neue Zürcher Zeitung-ի զեկույցը «հետաքրքիր է», սակայն ինքը չի կարող «մեկնաբանել [շահարկումները]»։

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «այժմ անհնար են, քանի որ դրանց համար չկան ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե պայմաններ»։

Մեկնաբանել