Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներից մեկին ձերբակալել են՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։
Օրխան Բախիշլին ձերբակալվել է հինգշաբթի։ Նույն օրը Բաքվի Խաթայի շրջանային դատարանը նրան ենթարկել է 30-օրյա վարչական կալանքի։
Բախիշլիի մայրը՝ Քամալա Ռահիմլին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նախորդ օրը Բախիշլիին լուսանկարել էր մի ոստիկան՝ Բախտիյար Հաջիևի դատավարությունից հետո հարցազրույց տալիս։
Հաջիևը ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ին խուլիգանության մեղադրանքով և վերջին 25 օրվա ընթացքում հացադուլ էր անում։
Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտնել է, որ վերջին տասը օրվա ընթացքում կալանավորվել է իր կուսակցության ևս երեք անդամ։ Քերիմլին դատապարտել է ձերբակալությունները և մեղադրել Ադրբեջանի կառավարությանը՝ վարչական կալանքը որպես քաղաքական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների գործիք օգտագործելու մեջ։

«[Մենք] չպետք է մարդկանց միայնակ թողնենք չարիքի դեմ պայքարի առաջնագծում։ Մենք պետք է [խստորեն] պահանջենք Օրխան Բախիշլիի, Բախտիյար Հաջիևի և բոլոր քաղբանտարկյալների ազատությունը»,- գրել է Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում։
Բախիշլին 2018-ին վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութեր պահելու և դրանց ապօրինի շրջանառության համար, սակայն նրան ավելի կարճ՝ եռամյա ժամկետով պատիժ էր նշանակվել այն բանից հետո, երբ դատարանը հանել էր ապօրինի շրջանառության մեղադրանքը:
Ժողովրդական ճակատ կուսակցությունը և Բախիշլին, որն այդ ժամանակ 22 տարեկան էր, պնդում էին, որ նրան ձերբակալել են 2005-ին գնդակահարված ընդդիմադիր լրագրող Էլմար Հուսեյնովի գերեզմանի մոտ կառավարությանը քննադատող ելույթ ունենալու համար:
Նա 2021-ի մարտի համաներման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած 625 ադրբեջանցի բանտարկյալների թվում էր։