Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
«Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է Հունանյանը։
***
Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրի 10 նահանգներում առնվազն 284 մարդ է զոհվել, ավելի քան 2 300-ը՝ վիրավորվել։ Սիրիայի առողջապահության նախարարությունն էլ հաղորդել է 237-ի զոհի և 639 վիրավորի մասին:
Թուրքիայում ցնցումները գրանցվել են Քահրամանմարաշ, Դիարբեքիր, Կայսերի, Ադանա Մալաթիա շրջաններում։ Սիրիական կողմում զնցումները զգացվել են Սիրիայի բոլոր շրջաններում, բայց ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Հալեպում, Իդլիբում և Լաթակիայում։