Արցախի ԱԺ-ն դատապարտում է Գուրգեն Արսենյանի հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքերը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:

Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:

Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ»,- ասված է հայտարարությունում։

***

Փետրվարի 3-ին Հայաստանի խորհրդարանում Լաչինի միջանցքի փակման թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում ասել էր․ «Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք անում, երևի ինչ-որ բան մոռացել եք իրականությունից։ Մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք մենք հիմա կանգնած։ Անընդհատ 120 հազար մարդ… 3 մլն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար։ Առաջնահերթությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»։

Մեկնաբանել