Սերժ Սարգսյանը, Վահե Յաքուբյանը, Գրիգորի Խաչատուրովը՝ Սերյան Օհանյանի գործում. դատախազության միջնորդագրերը

Փետրվարի 7-ից մեկնարկող` Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի շրջանակներում քննարկվելու են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը։ Այդ փաստաթղթերն արդեն հրապարակվել են Ազգային ժողովի կայքում ու որոշ ուշագրավ հանգամանքներ են պարունակում քրեական գործերի վերաբերյալ։

Ներկայացվել է երեք տարբեր միջնորդագիր, ընդ որում՝ մեկը գաղտնի ընթացակարգով պետք է քննարկվի։

Քրեական գործերից մեկով 2022-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև սփյուռքահայ գործարար, «Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե-Վասկեն Յաքուբյանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ Սեյրան Օհանյանը, 2008-2016-ին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, «խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգատագործել է ծառայության շահերին հակառակ…, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակներով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն»։

Այս գործում Վահե Յաքուբյանի ու ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մի դրվագ կա, ըստ որի՝ «2008-2017-ին Վահե Յաքուբյանը Սերժ Սարգսյանին այցելել է ընդհանուր 28 անգամ»։

Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Մեկ այլ գործով քննարկվում է Արարատի մարզում գտնվող «Երասխ 1» զորամասի տարածքների վաճառքը։ Ըստ դատախազության՝ շենք-շինությունները կադաստրային գներից անհամեմատ ցածր գներով «2009-ի հունվարի 13-ին կնքված պայմանագրերով ուղղակի վաճառքով՝ համապատասխանաբար 4 և 2.5 մլն դրամով ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք օտարել են ծառայողական ենակայության տակ գտնվող նույն նախարարություն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց»։

Այս գործով շոշափվում է Յուրի Խաչատուրովի որդու Գրիգորի Խաչատուրովի անունը. «2008-ին Սյերան Օհանյանը ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ ՀՀ ՊՆ անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009-ին Հակոբյանի և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել