Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
«Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ:
***
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 57 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։
Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։
Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Փետրվարի 6-ին Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցվել է: