Իմ դեմ հարուցված քրեական գործերը շինծու և անհիմն են․ Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր դեմ հարուցված քրեական գործերը համարում է «շինծու և անհիմն»։

«Վերջերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական դեպքը, որին զոհ դարձան մեր 15 զինծառայողները, ևս մեկ անգամ ցույց է տալիս օրվա իշխանության իրական վերաբերմունքը մեր զինվորների, բանակի, պետության նկատմամբ։ Իրենց հանցավոր քաղաքականությունը կոծկելու համար էլ որոշեցին դիմել փորձված մեթոդի և այլ մեղավորներ նշանակել: Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունների գնահատականները խլացնեն»,- տեսաուղերձում հայտարարել է նա։

Օհանյանը հայտնում է, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու իրեն անձեռնամխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստին․ «Խորհրդարանում ուզում են թատրո՞ն կազմակերպել, թող կազմակերպեն, բայց դա կլինի մեկ գավառական դերասանի՝ քպ-ի թատրոն: Մենք չենք մասնակցի դրան: Թող անեն իրենց շոուն առանց մեզ»։

Մեկնաբանել