Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը «անհամեմատ էժան գնով» զորամասի տարածքի օտարման մասին է

Ազգային ժողովում փետրվարի 7-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերից առաջինը։ Այն վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։ Վարդապետյանն ասաց, որ այդ միջնորդությամբ Սեյրան Օհանյանին մեղսագրվում է երկու դրվագ։

«Սեյրան Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Արարատի մարզի 2,6 կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8,8 մլն արժեքով շինությունները՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը, անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին»,- նշեց դատախազը։

Նրա խոսքով՝ պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ՝ «այդկերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը»։ Նա նաև ասաց, որ Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար։ Ըստ դատախազի՝ այդկերպ օրինականացնելով նշված գումարի հանցավոր ծագումը։

Մեկ այլ դրվագով, ըստ գլխավոր դատախազի, Օհանյանը առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրված «Երասխ 2» տարածքը՝ 0,9 հեկտար մակերեսով ու դրա վրա առկա շինություններով։ Նրա ներկայացմամբ՝ այս տարածքը կրկին անհամեմատ էժան գնով վաճառվել է։

Դատախազը նաև հայտնեց, Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել