«Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե Յաքուբյանը՝ Սեյրան Օհանյանի գործում. մանրամասներ միջնորդագրից

Գևորգ Թոսունյան

Փետրվարի 7-ին Ազգային ժողովը սկսեց քննարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Առաջինը քննարկվեց զորամասի տարածքների օտարման միջնորդագիրը։ Այս պահին քննարկվում է երկրորդ միջնորդագիրը, որը գաղտնի է։ Երրորդ միջնորդագիրը, որը դեռ պետք է քննարկվի, վերաբերում է խոշոր չարաշահումներին, ու այս գործով 2022-ի ապրիլի 29-ին կայացվել է որոշում սփյուռքահայ գործարար, «Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե-Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա հանդեպ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Ինչի մասին է քրեական վարույթը

Ըստ միջնորդագրի՝«Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները՝ պետության՝ 5,8 մլրդ դրամ արժողությամբ անշարժ գույքի դիմաց վճարել են 5,1 մլրդ դրամ պակաս գումար՝ այսինքն շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 տոկոսը»։

Գործի նախապատմությունը հետևայլն է․ 2011-ի դեկտեմբերի 11-ին «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության վարույթով հայտարարված աճուրդի շրջանակներում պարտատեր ՀՀ պաշտպանությունը մասնակցել է անշարժ գույքերի աճուրդին և հանդիսանալով միակ մասնակիցը՝ ճանաչվել է հաղթող:

2012 թվականի դեկտեմբերի 16-ին «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի միջև կնքվել են «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» վերաբերյալ երեք պայմանագրեր, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր 1,3 մլրդ ՀՀ դրամով գնել է Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 (արժեքը՝ 1,1 մլրդ դրամ), Բագրատունյաց 81/1 (արժեքը’ 160 մլն դրամ) և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 (արժեքը՝ 186 մլն ՀՀ դրամ) հասցեների անշարժ գույքերը՝ որպես պայմանագրային պարտավորությունից բխող պահանջ:

Դրանից հետո Վահե-Վասկեն Յաքուբյանը, հանդիսանալով կառուցապատմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ՓԲ և դրան փոխկապակցված այլ ընկերությունների փաստացի սեփականատերը, պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել սեփականության իրավունքով ՀՀ պատկանող՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը (այսուհետ’ Անշարժ գույքեր):

«Պլանավորված հանցագործությունը քողարկելու, դրան օրինական տեսք հաղորդելու և բացահայտման ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով հանցակիցներն օգտագործել են փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, սակայն այլ անձի անվամբ գրանցված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ» ՓԲ ընկերությունը՝ տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին հանձնարարելով ՊՆ-ին պատկանող հիշյալ անշարժ գույքերը ձեռք բերելու խնդրանքով դիմում հասցեագրել ՀՀ կառավալությանը»:

Ըստ միջնորդագրի՝ ՀՀ կառավարության անդամները, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի եզրակացության բացակայության պայմաններում, 2012-ին փետրվարին թույլատրել են ՀՀ ՊՆ-ին 8,4 մլրդ դրամով, տարաժամկետ վճարման պայմանով, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ»-ին օտարել գույքը։

Նշվում է, որ գնորդը պարտավորվել է ապահովել 300 աշխատատեղ ու 10 մլն դոլար ներդրումներ։ Այնուհետև՝ «2012 թվականի ապրիլի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող «Թի Թի էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի միջև ձևականորեն կնքվել է շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամանակահատվածի, վճարման կարգի և դրա ժամանակահատվածի վերաբերյալ դրույցներ չպարունակող՝ պետական գնման մասին թիվ 1 պայմանագիրը, ըստ որի՝ «Թի Թի էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Երևան, Գյումրի և Գորիս քաղաքներում կառուցել ընդհանուր 3,8 մլրդ ՀՀ դրամ արժողության բազմաբնակարան շենքեր, սակայն որևէ շենք չի կառուցվել:

Բացի այդ, նշվում է, որ Սեյրան Օհանյանի գիտությամբ, ի հակառակ «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սննանկության գործով կառավարչի և ՀՀ ՊՆ լիազորված անձի, պետության համար ամրագրվել են ոչ շահեկան պայմաններ։

Պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պայմաններում, ըստ դատախազության, Վահե Յաքուբյանը, օգտվելով պայմանագրով սահմանված՝ ներդրումային ծրագիր իրականացնելու կամ ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով ձեռքբերված գույքը գրավ դնելու հնարավորությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4,2 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու վերաբերյալ:

Սեյրան Օհանյանը 2012-ին տվել է համաձայնություն։ Գրավադրումից հետո վարկային պայմանագրով և համաձայնագրով ստացվել է ավելի քան 1,7 մլրդ դրամ, որից, ըստ դատախազության, «Վահե Յաքուբյանի ցուցումով 2012-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Մելիքյանի կողմից ընկերության միջոցով ՀՀ ՊՆ-ին է փոխանցվել 403 մլն դրամը։ Մեկ տարի անց փոխանցվել է ևս 300 մլն դրամ»։

Մնացած գումարը՝ ավելի քան 1 մլրդ դրամ «վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում»։

Դատախազության միջնորդագրի համաձայն՝ «հանցավոր ճանապարհով ստացված գումարի նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու համար Վահե Յաքուբյանի ցուցումով» այն փոխանցվել է տարբեր իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ նպատակ ունենալով օրինականացնել այդ գումարը։

Նշվում է նաև, որ Օհանյանը ոչինչ չի արել, որ պայմանագրային պարտավորությունները կատարվեն։

«Այսինքն, Սեյրան Օհանյանը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, դրա արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից, հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ ՀՀ դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015-ի փետրվարի 18-ի վճռով զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությամը սնանկ ճանաչվելուց հետո՝ 2015-ի ապրիլի 29-ին, որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8,5 մլրդ ՀՀ դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից»:

Վերոգրյալից բացի, դատախազի միջնորդագրի համաձայն, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով Սեյրան Օհանյանը 2015-ի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնարված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2,1 մլրդ ՀՀ դրամին համարժեք՝ 4.5 մլն ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ։

Վերոգրյալ համաձայնության հիման վրա նույն թվականի դեկտեմբերի 25-ին ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:

Այս ամենի արդյունքում, ըստ դատախազության, «Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները՝ պետության՝ 5,8 մլրդ դրամ արժողությամբ անշարժ գույքի դիմաց վճարել են 5,1 մլրդ դրամ պակաս գումար՝ այսինքն շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 տոկոսը»։

Այնուհետև միջնորդագրում ներկայացվել են ձեռք բերված ապացույցները։

Այս գործով ցուցմունք են տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչները։ Հարցաքննվել է նաև Սերժ Սարգսյանը։ Ըստ գործի նյութերի՝ Յաքուբյանը քննարկումներ է ունեցել նաև նրա հետ՝ հարցի վերաբերյալ ու այդ նպատակով այցելել է նախագահական. «2008-2017-ին Վահե Յաքուբյանը Սերժ Սարգսյանին այցելել է ընդհանուր 28 անգամ»։ Մինչդեռ Սարգսյանը հայտնել է, որ Յաքուբյանին չի հիշում, միգուցե նա այցելել է մյուս գործարարների հետ։

Սեյրան Օհանյանը ցուցմունքում ասել է, որ Վահե Յաքուբյանին չի մտաբերում, նրա հետ չի շփվել։

Նշենք, որ սա դեռևս քրեական վարույթ է ու գործը դատարան չի մտել, այսինքն՝ ինչպես Վահե Յաքուբյանի, այնպես էլ Սեյրան Օհանյանին մեղսագրվող արարքները չեն հաստատվել։

Միջնորդագիրն ամբողջությամբ՝

Մեկնաբանել