Ա.Աշոտյանը հանձարարել է ուստարին սկսել տոնական հանդիսություններով

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքի` օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական է տրվել՝ հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպել տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:

Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով՝ Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 24-30-ը հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ: Մեկնարկը կտրվի Վայոց ձորի մարզից՝ օգոստոսի 24-ին:

Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանը, և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

Նախարարն օգոստոսի 27-ին կմասնակցի Լոռու մարզի, 28-ին Գեղարքունիքի, 30-ին՝ Երևանի դպրոցների տնօրենների և ուսուցիչների խորհրդակցությանը: ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների տնօրենների խորհրդակցությունը կանցկացվի օգոստոսի 29-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ:

Մեկնաբանել