Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ Միրզոյան

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ Այդ մասին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը, այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը։ Չնայած այս հանգամանքին, մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Պետք է տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները։ Սա շարունակական գործընթաց է և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը»,- ասաց Միրզոյանը։

Չնայած Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ԱԳ նախարարն արձանագրեց, որ բանակցությունները շարունակվում են։

«Անշուշտ, այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե չասենք՝ խոչընդոտում են, Ադրբեջանի շարունակական հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, ինչպես նաև «գետնի վրա» ագրեսիվ գործողությունները»,- նկատեց նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված բանակցություններում․ «Մենք նպատակ ունենք շարունակել գործադրել մեր ակտիվ ջանքերը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում»։

***

Հայաստանը խաղաղության պայմանագրի խմբագրված վերջին առաջարկները ներկայացրել էր 2022-ի դեկտեմբերին։

Հունվարի 18-ին կառավարության հետ խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել էր․ «Նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, հետո հայկական, հետո էլի ադրբեջանական առաջարկներ, մինչ այն պահը, երբ վերջնական համաձայնեցված տեքստ կլինի»։

Խաղաղության համաձայնագրի տեքստը պետք է քննարկվեր Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Մեկնաբանել