Արցախի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է

Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ` փետրվարի 6-ին, արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը: «Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում։

***

Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 58 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել