Փաշինյանը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»,- նշվում է հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդեց, որ Երևանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Թուրքիա և Սիրիա։

Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Մեկնաբանել