Փաշինյանը Ասադի հետ քննարկել է Սիրիա օգնություն ուղարկելու հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետն իր և ՀՀ կառավարւթյան անունից ցավակցություններ է փոխանցել բարեկամ Սիրիայի նախագահին և ժողովրդին՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի շղթայի պատճառած մեծաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և նշել, որ Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթևացնելու և աղետի հետևանքները վերացնելու հարցում: Բաշար Ալ Ասադը շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ իրենց համար այս պահին առաջնային խնդիրը կապված է սննդի հետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն: Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվելիք օժանդակության համար և հույս հայտնել, որ նաև Հայաստանի Հանրապետության օգնությամբ հնարավոր կլինի հնարավորինս արագ հաղթահարել երկրաշարժի ծանր հետևանքները»,- նշվում է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այսօր ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդեց, որ Երևանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Թուրքիա և Սիրիա։

Մեկնաբանել