Միրզոյանը Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Ընդգծվել է հումանիտար խնդիրների հասցեագրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մշտադիտարկման երկարաժամկետ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը։

Մեկնաբանել