ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, նշում են Ռուսաստանի ԱԳՆ-ից

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորախումբը, որին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության եղանակներն արդեն հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ կոնֆլիկտի մասնակիցների միջև կոնսենսուս է նկատվում, և տվյալ փաստն այստեղ առանցքային է»,- ասել է Իլյիչևը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների գործունեությանը «աջակցում են և Բաքվում, և Երեւանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում»:

***

Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։

Մեկնաբանել