Ինչ են ասել Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը իրավապահներին. մանրամասներ միջնորդագրից

Գևորգ Թոսունյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 8-ին Ազգային ժողովը քննարկեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Քննարկվում է երրորդ միջնորդագիրը, որը վերաբերում է խոշոր չարաշահումների ու պետական գույքերի օտարման։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն ներկայացրել է միջնորդագրի էությունը։ Թեև Սեյրան Օհանյանն ավելի վաղը հայտարարել էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում ու այս գործերը հենց դրա արգասիքն են, այս քրեական գործով նա ցուցմունք տվել է, որն արտացոլված է միջնորդագրում։

Երրորդ միջնորդագրի էությունը հնարավորինս կարճ հետևյալն է․ պաշտպանության նախարարությունը գնել է սնանկ ճանաչված «Դողագործ» ընկերությունը (այնուհետև՝ վերակազմակերպված «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի»), այդ թվում՝ ընկերության կապիտալում առկա անշարժ գույքերը։ Պայմանագրերը կնքվել են 2012-ին, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր 1,3 մլրդ ՀՀ դրամով գնել է Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 (արժեքը՝ 1,1 մլրդ դրամ), Բագրատունյաց 81/1 (արժեքը՝ 160 մլն դրամ) և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 (արժեքը՝ 186 մլն ՀՀ դրամ) հասցեների անշարժ գույքերը՝ որպես պայմանագրային պարտավորությունից բխող պահանջ:

Դրանից հետո, ըստ միջնորդագրի, «սփյուռքահայ գործարար Վահե-Վասկեն Յաքուբյանը, հանդիսանալով կառուցապատմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ՓԲ և դրան փոխկապակցված այլ ընկերությունների փաստացի սեփականատերը, պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել սեփականության իրավունքով Հայաստանին պատկանող՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը (այսուհետ’ Անշարժ գույքեր)»:

Ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված ու ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ վատնման եղանակով հափշտակելով այն։

Սեյրան Օհանյանի ցուցմունքը

Սեյրան Օհանյանը 2008-ի ապրիլից մինչև 2016-ի հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նա իր ցուցմունքում ասել է, որ ՀՀ կառավարության ղեկավարության կողմից հանձնարարություն կամ առաջարկություն է եղել, որ ՊՆ-ն գնի նախկին անվադողերի գործարանը («Դողագործ», այնուհետև վերակազմակերպված «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ընկերությունը – Գ.Թ.)՝ պայմանով, որ հետագայում այն թանկ գնով օտարվի և շահույթն ուղղվի ՊՆ կարիքների համար: Նա չի կարողացել մտաբերել, թե ումից է ստացել այդ հանձնարարությունը կամ առաջարկությունը։

Օհանյանը շարունակել է, որ ՊՆ-ի արտաբյուջետային միջոցներով շուրջ 1,3 միլիարդ ՀՀ դրամով ձեռք է բերվել նշված անշարժ գույքը:

«Վաճառողի տվյալները չի հիշում: Ամիսներ անց ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա հիշյալ անշարժ գույքը շուրջ 8 միլիարդ ՀՀ դրամով օտարվել է «Նայթ Բրիջ» («Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ» ՓԲԸ – Գ.Թ.) անվանմամբ ընկերությանը: Գնորդը վճարումները պետք է կատարեր մի քանի տարվա ընթացքում՝ պայմանագրով նախատեսված ժամանակացույցով: Ընկերությունն իր պարտավորությունները լիարժեք չի կատարել, որի վերաբերյալ խնդիրն իր և ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատու աշխատակիցների կողմից ՀՀ կառավարությունում բարձրաձայնվել է: Իր պաշտոնավարման ընթացքում նշված ընկերությունը ճանաչվել է սնանկ»,- նշված է միջնորդագրում։

Օհանյանն ասել է, որ Վահե-Վասկեն Յաքուբյանին չի մտաբերում, նման տվյալներով անձի հետ չի շփվել:

«Վերոհիշյալ գործարքը կատարելու վերաբերյալ հանձնարարություն իրեն կարող էին տալ հանրապետության նախագահը, կամ վարչապետը, կամ էլ վերջինների հանձնարարությամբ նրանց աշխատակազմերի ղեկավար պաշտոնյաները: Սովորաբար գույք գնելու կամ վաճառելու վերաբերյալ պայմանագրերը մշակվել են պայմանագրի կողմերի փոխադարձ քննարկման արդյունքում»,- կարդում ենք միջնորդագրում։

Միջնորդագրում նաև դրվագ կա, ըստ որի՝ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից վճարային պարտավորությունը չկատարելու համար դատական պաշտպանության դիմելու հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյան դիմել է իրեն, որին ի պատասխան 2014-ի ապրիլի 22-ին նա գրություն է ուղարկել ու նշել՝ «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»:

Սեյրան Օհանյանն այս մասով ասել է, որ միգուցե նման քննարկում Սերժ Սարգսյանի հետ ունեցել է, սակայն, չի հիշել, թե ինչ որոշում է կայացվել:

Նրա խոսքով՝ այդ հարցի կապակցությամբ քննարկումներ շատ են եղել նաև կառավարությունում, որի արդյունքում որոշվել է շարունակել բանակցությունները և ընկերությանը հնարավորություն տալ կատարել պարտավորությունը: Չի հիշել՝ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու վերաբերյալ իրեն հանձնարարություն տրվել է, թե՝ ոչ:

Նա նաև հայտնել է, որ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» և «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությունները եղել են փոխկապակցված ընկերություններ: Իր հիշելով՝ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պարտավորությունը կատարելուց հետո, ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար շինարարական աշխատանքներ կատարելու համար, ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է ֆինանսավորեր «Թի Թի է Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը:

Քանի որ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ» ՓԲ ընկերությունը պայմանագրային պարտավորությունը չի կատարել, ուստի, «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը ֆինանսավորում չի հատկացվել: Քննության հետագա փուլերում Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Սերժ Սարգսյանի ցուցմունքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի խոսքով՝ տեղյակ է եղել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Դողագործ» ընկերությունը գնելու և հետագայում այն «Գլենդել Հիլզ» ընկերությանն օտարելելու մասին: Նա նշել է, թե մինչ այդ, «Դողագործ», այնուհետև վերակազմակերպված «Ջեներալ Տրանսոտրլդ ՄՔ» ՓԲ ընկերությունը դիմել է Լոնդոնի արբիտրաժային դատարան և Հայաստանի Հանրապետությունից «աստղաբաշխական» գումար պահանջել: Բնականաբար ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել՝ պայմանագիր է կնքվել իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության հետ, որը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը: Արդյունքում վեճը լուծվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության, ինչի հետևանքով ընկերությունը դարձել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

Գործարար Վահե Յաքուբյանին ճանաչել է, բայց վերջինիս հետ մոտ հարաբերություններ չի ունեցել: Չի բացառել, որ 2008-2018-ին, երբ զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, նախագահի նստավայրում Վահե Յաքուբյանն այցելած լինի իրեն, սակայն թե երբ և ինչ նպատակով, չի հիշել: Տարեվերջին նախագահականում հավաքվել են մի շարք անձինք, այդ թվում՝ գործարարներ, ուստի, չի բացառել, որ նա ևս ներկա է եղել տարեվերջյան միջոցառմանը:

Զի բացառել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խնդրո առարկա անշարժ գույքերի ձեռքբերման նպատակահարմարության վերաբերյալ իր հետ քննարկումներ ունեցած լինի:

Գործի շրջանակներում քննարկվող անշարժ գույքերը ձեռքբերելու խնդրանքով Վահե Յաքուբյանը կամ այլ անձինք ՀՀ կառավարություն դիմել են, թե՝ ոչ՝ չի հիշել:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անշարժ գույքերը «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարելու վերաբերյալ պայմանագրում ամրագրված դրույթներից տեղյակ չի եղել:

Սարգսյանը նաև հայտնել է, որ Վահե Յաքուբյանին պատկանած «Նայթս Բրիջ Քոմունիքիյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ ՊՆ հանդեպ պարտավորությունները չկատարելու պայմաններում դատական պաշտպանության կամ իրավական ներգործության այլ միջոցների դիմելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2012-2016-ին իր հետ քննարկումներ չի ունեցել:

Մեկնաբանել