Փորձում են տարածաշրջանի ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել․ Փաշինյան

Հայաստանն ամենաշատն է շահագրիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, և քանի որ բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել: Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան: Եվ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք՝ չէ, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք: Եվ այն, ինչը չենք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մի վերագրեք եռակողմ հայտարարությանը»,- նկատեց նա։

Փաշինյանը ընդգծեց, որ օրերս Ադրբեջանի նախագահն ինքն է ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում միջանցք բառ չկա, դա ինքն է ներմուծել խոսույթ․ «Սրանով ամեն ինչ ասված է: Չկա գրված միջանցք, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում։ Եվ բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողություններն իրականացնել, մեկնարկը տալ»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել