Արտագաղթի ցուցանիշները 2022-ին. թվերը դրական են

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Արտագաղթի թեման Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում ամենաքննարկվող և շահարկվող թեմաներից է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի ժոդովրդագրական իրավիճակի, այդ թվում՝ սահմանահատումների և միգրացիայի մնացորդի վերաբերյալ վիճակագրությունը։

Այսպես, 2022-ին Հայաստան է ժամանել 3 394 371 և Հայաստանից մեկնել է 3 355 639 անձ։ Սահմանահատումների հաշվեկշիռը դրական է՝ 38 732։

Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ ամենաշատ սահմանահատումներն իրականացվել են Զվարթնոց օդանավակայանով։ Սակայն զգալի աճել են նաև Բագրատաշենի անցակետով սահմանահատումները։ Եթե 2021-ին այս անցակետով գրանցվել էր 217 830 մուտք, ապա 2022-ին՝ 1 078 111, այսինքն՝ 5 անգամ ավելի։

Loading...

Loading…

Ինչ վերաբերում է ՀՀ փաստաթղթերով սահմանահատումներին, ապա հաշվեկշիռը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բացասական է՝ – 27 941: 2022-ին ՀՀ փաստաթղթերով Հայաստան է ժամանել 1 479 798 մարդ, մեկնել՝ 1 507 739-ը։

Շատերը որպես արտագաղթը պատկերող ցուցանիշ նշում են սահմանահատումների ցուցանիշը, մինչդեռ, ինչպես արդեն պարզաբանել ենք նախորդ հրապարակումներում, այդ ցուցանիշից բացի, արտագաղթն արտացոլող կարևոր ցուցանիշ է Վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող միգրացիայի մնացորդի ցուցանիշը։ Վիճկոմիտեից հայտնում են, որ միգրացիայի մնացորդն է հենց արտացոլում Հայաստանում միգրացիոն գործընթացները։

2022-ին, ի տարբերություն 2021-ի, միգրացիոն մնացորդը դրական է՝ 5 900: Նշենք, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանում եզակի տարիներ է միգրացիոն մնացորդը դրական եղել։ Դրանք են՝ անկախացման տարին՝ 1991-ը (+4 400), 2020-ը (+3 400) և 2022-ը (+5 900): 2021-ին միգրացիոն մնացորդը – 4 100 է եղել։

Միգրացիոն մնացորդը հաշվարկվում է գրանցվածների և գրանցումից դուրս եկածների՝ Ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա և ճշգրտվում մարդահամարների արդյունքների հիման վրա։ Բայց քանի որ քաղաքացիները հիմնականում բնակության վայրը փոխում են առանց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը («ՕՎԻՌ») տեղեկացնելու, Վիճկոմիտեն 2013-ից սկսած օգտագործում է նաև տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության արդյունքներով ստացված միգրացիայի գնահատականները:

2022-ին փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ են ժամանել Հայաստան, նրանցից շատերն այնուհետև մեկնել են երկրից։

Մեկնաբանել