Փաշինյանը «մտահոգված է» կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի նահանջով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնապես ծանր է տանում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի նահանջը։ Այդ մասին նա հայտարարեց խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Շատ մտահոգված եմ, ու իմ վերաբերմունքը այն չէ, որ այդտեղ վիճակագրության սխալ կա։ Մենք պիտի բոլոր ռեյտինգներում ունենանք առաջաընթաց։ Այդ թեմայով մի քանի քննարկումներ ունեցել եմ, վաղը կառավարության նիստում էլ քննարկում ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի ցուցանիշի վրա ազդել են նաև լրատվամիջոցների հրապարակումները՝ պաշտոնատար անձանց գործարքների մասին։

Փաշինյանը դժգոհեց՝ կան քրեական գործեր, որոնք չորս տարի շարունակ հարուցված են, բայց առաջընթաց չկա, կան դատական գործեր, որ երկար ժամանակ քննվում են ու հասնում են մի կետի, երբ գործ ունենք վաղեմության ժամկետի հետ։ Նա նաև հիշեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ու պայքարում են, բայց կան հարկային ու մաքսային մարմինների ծառայողներ, քաղաքապետարանների ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, որոնք ձերբակալվում են կոռուպցիոն մեղադրանքներով և ամեն շաբաթ նման դեպք է գրանցվում։

Մեկնաբանել