Հայաստանում կանայք կկարողանան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն նախագիծ է ներկայացրել

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել զինված ուժերում:

Զինվորական ծառայությունն անցնելուց հետո կանանց համար սահմանվելու է պատվովճար՝ 1,5 մլն դրամի չափով:

Կանանց հնարավորություն է տրվելու նաև 6-ամսյա զինվորական ծառայությունից հետո անցնել պայմանագրային զինվորական ծառայության։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության փետրվարի 9-ի նիստի ժամանակ հայտարարել է․ «Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետև դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞նք ամառային զորակոչից առաջ հասցնել ենթակառուցվածքների առումով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայությունից հետո հնարավորություն է տրվելու անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ։

Մեկնաբանել