«Կարմիր խաչի» միջնորդությամբ 7 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ փետրվարի 9-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս 7 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։

«Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- ասված է հաղորդագրությունում։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 60 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել