Հայաստանը 850 000 դոլարով տուգանում է Booking-ին

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանն ավելի քան 850 000 դոլարի չափով տուգանք է նշանակել հյուրանոցային ամրագրումների ամենամեծ հարթակի՝ Booking ընկերության նկատմամբ։ Համապատասխան որոշումը կայացրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հունվարի 27-ին։

ՄՊՀ-ն ընկերությանը մեղադրում է գերիշխող դիրքի չարաշահման մեջ։ Booking-ի գործողությունների հետ կապված վարույթ հարուցվել էր դեռ անցած տարվա ապրիլին։ Ըստ որոշման՝ Booking-ի դասակարգումներում Հայաստանն «ընդլայնված պարիտետով երկրների» խմբում է, ինչից բխում է, որ հյուրատնային կացարանը կամ հյուրանոցի համարը Booking-ով այցելուին առաջարկելու դեպքում, ընկերության կողմից մի շարք սահմանափակումներ են գործի դրվում։ Այսպես՝ հյուրատունը կամ հյուրանոցը Booking-ում իր ծառայությունները ներկայացնելու դեպքում նմանաբնույթ այլ կայքերում չի կարող ավելի էժան գին առաջարկել, քան Booking-ում է։ Սա, ըստ ՄՊՀ-ի, գերիշխող դիրքի չարաշահում է։

Booking-ը, վարույթի շրջանակում պատասխանելով ՄՊՀ-ին, հայտնել է, որ հանձնաժողովը չի ներկայացրել որևէ վերլուծություն այն մասին, որ ընկերությունն ունի գերիշխող դիրք ու չարաշահում է այն։ Անդրադառնալով այլ ամրագրումների հարթակում կացարանների գնի՝ Booking-ից ավելի էժան չլինելու պահանջին, ընկերությունը պարզաբանել է՝ իրենք ներդրումներ են կատարում հարթակում ու ողջամիտ է, որ կացարանների հետ պայմանագրերում ապահովվի այդ ներդրումների փոխհատուցումը։ «Լայն պարիտետ»-ի գոտին ՀՀ-ում կիրառելու վերաբերյալ հարցին ընկերությունը պատասխանել է՝ այդ դեպքում որպես վերջնական արդյունք նշվածը կհանգեցնի նրան, որ իր նման ընկերությունները կդադարեցնեն ներդրումները՝ բարձր որակի ու օգտակար առցանց տեխնոլոգիաներում։ Արդյունքում կտուժեն ինչպես ճանապարհորդները, այնպես էլ կացարաններ տրամադրողները։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ Booking-ի կողմից կիրառվող պարիտետային ռեժիմը սահմանում է, որ իրենց հարթակից էժան գին այլ հարթակում լինել չի կարող։ Արդյոք հյուրանոցային և հյուրատնային տնտեսությունները հանձնաժողովին բողոքե՞լ են Booking-ի այս գործողություններից։ Գևորգյանը պատասխանում է՝ վարույթը սկսվել է հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե որևէ տնտեսվարողի դիմումի հիման վրա։ Նա նաև խնդիր չի տեսնում Հայաստանում չգրանցված ընկերությանը տուգանելու մեխանիզմների հարցում։ Վստահեցնում է՝ մեխանիզմները կան։ Վարույթի մեխը Գևորգյանը համարում է Booking-ի պարիտետային քաղաքականության փոփոխումը Հայաստանի համար։

Booking հարթակի հակամրցակցային գործողությունները քննարկման առարկա են դարձել այլ երկրներում ևս։ 2022-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Իսպանիայի շուկաների և մրցակցության ազգային հանձնաժողովը հյուրանոցային ասոցացիաների բողոքի հիման վրա հակամենաշնորհային հետաքննություն էր սկսել ընկերության անարդար առևտրային պայմանների և դրանց բացասական ազդեցության վերաբերյալ։

2015-ից Booking-ի գնային քաղաքականությունը վիճարկվում է Գերմանիայի դատական ատյաններում։ Վեճի առարկան նորից «լավագույն գնի» սահմանափակումներին էր վերաբերում։

Թուրքիայում 2017-ից դատական վճռով ընդհանրապես արգելվել է Booking-ի գործունեությունը։ Պատճառը եղել են հակամրցակցային այն պայմաններն ու անբարեխիղճ մրցակցությունը, որ ընկերությունն էր ստեղծել։ Դրան նախորդել էր Booking-ի կողմից տուգանքի վճարումը 550 000 եվրոյի չափով։

Մեկնաբանել