Ինչպե՞ս է Ադրբեջանի երիտասարդությունը վերաբերվում տարբեր երկրների և ԼՂ խնդրին․ հարցում

Ռոբին Ֆաբրո, OC Media

Ադրբեջանական Agora Analytical Collective հետազոտական կենտրոնը նոր հարցում է անցկացրել, որը ցույց է տալիս, թե ադրբեջանցի երիտասարդները որ երկրներն են հավանում, որ երկրները չեն հավանում, որոնց են համարում սպառնալիք կամ դաշնակից։ Այն նաև պարզել է նրանց տեսակետները Հայաստանի հետ հակամարտության վերաբերյալ:

Հարցմանը մասնակցել է Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող 18-35 տարեկան 400 մարդ: Հարցման նպատակն է եղել ուսումնասիրել երիտասարդների վերաբերմունքը միջազգային հարցերի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Հարցին, թե որ տարածաշրջանի մաս են համարում Ադրբեջանը, երիտասարդների մեծամասնությունը՝ 60%-ը, նշել է Հարավային Կովկասը, 18%-ը՝ Եվրոպան: Միայն 8%-ն է ասել, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի կամ Մերձավոր Արևելքի մաս է, չնայած, որ միջազգայնորեն այն հաճախ է այդպես անվանվում։

Հարցին, թե ինչ կարծիք ունեն տարբեր երկրների մասին, հարցվածները բացասական կարծիք են հայտնել Ադրբեջանի հարևան հինգ երկրներից երեքի մասին միայն։

Ռուսաստանը, որի խաղաղապահները տեղակայված են Լեռնային Ղարաբաղում, հավանության առավել ցածր վարկանիշ ունեցող երկրների շարքում է՝ −34 վարկանիշով։

Հայաստանն ու Իրանը հայտնվել են ցանկի վերջին հորիզոնականներում՝ համապատասխանաբար −73 և −68 միավոր հավանության վարկանիշերով։

Հարցված երիտասարդները մտահոգություն են հայտնել նաև Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի վերաբերյալ․ նրանց համապատասխանաբար 81%-ը, 74%-ը և 73%-ն ասել են, որ այս երկրները սպառնալիք են Ադրբեջանի անվտանգությանը։

Հարցվածների 35%-ը որպես սպառնալիք է անվանվել նաև Ֆրանսիան, որի մասին ևս հարցվածները բացասական (−3 միավոր) կարծիք են ունեցել։ Ֆրանսիան գնալով ավելի ու ավելի է քննադատում Ադրբեջանին՝ կապված Ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի հետ ավելի լայն հակամարտության հետ:

Հնդկաստանը, որը վերջերս սպառազինության մի քանի պայմանագրեր է կնքել Հայաստանի հետ, սպառնալիք է համարել հարցվածների 13%-ը։

Չնայած հավանության ուժեղ վարկանիշին (49 միավոր)՝ ԱՄՆ-ը ևս հայտնվել է Ադրբեջանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երկրների առաջին վեցյակում։ Թեև միայն 12%-ն է բացասական կարծիք հայտնել այս երկրի մասին, 17%-ն այն համարում է սպառնալիք։

Հարցված երիտասարդ ադրբեջանցիները դրական կարծիք են հայտնել երկրի մյուս երկու հարևանների՝ Թուրքիայի և Վրաստանի մասին:

Զարմանալի չէ, որ Թուրքիան գլխավորում է ամենամեծ ժողովրդականություն վայելող երկրների ցանկը՝ 76 միավոր հավանության վարկանիշով: Հարցվածների միայն 5%-ն ասել է ասել, որ շատ չի հավանում այս երկիրը: Թուրքիան որպես դաշնակից է նշել հարցվածների 91%-ը։

Հարցումը պարզել է, որ Վրաստանն ունի 47 միավոր հավանության վարկանիշ։ Հարցվածների զգալի մասը՝ 37%-ը, երկիմաստ տեսակետ ունի այս երկրի մասին: Վրաստանը դաշնակից է ընկալում հարցվածների 26%-ը։

Իսրայելը, որի հետ Ադրբեջանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի (որ նաև զենք է մատակարարում Ադրբեջանին), դաշնակից է համարել հարցվածների 50%-ը։ Այս երկիրը դրական (43 միավոր) հավանության վարկանիշ է ունեցել հարցվածների շրջանում:

Թեև հարցվածների միայն 45%-ն է դրական կարծիք հայտնել Պակիստանի մասին (14%-ը բացասական կարծիք է հայտնել, 41%-ը՝ չեզոք), այս երկիրը դաշնակից համարում է հարցվածների 61%-ը։ Պակիստանը բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում և ՄԱԿ-ի միակ անդամ երկիրն է, որն առ այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային տարբեր միություններին, ապա հարցված երիտասարդների մեծամասնությունը (61%) կողմ է արտահայտվել ԵՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը, իսկ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությանն անդամակցելուն կողմ է արտահայտվել ընդամենը 3%-ը: Մոտ 16%-ն ասել է, որ չի աջակցում այս միություններից և ոչ մեկին միանալուն, իսկ 20%-ն ասել է, որ չգիտի:

Հարցված երիտասարդները լավատեսորեն չեն տրամադրված Ղարաբաղյան հակամարտության կամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Թեև 62%-ը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, միայն 23%-ն է ասել, թե հավատում է, որ հակամարտությունը կլուծվի շուտով:

Հարցվածների 59%-ն ասել է, թե կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համակեցությունը հնարավոր չէ։ Ադրբեջանցի երիտասարդների մեծամասնությունը ևս կարծես չի ցանկանում փոխզիջման գնալ հակամարտության հարցում, ընդ որում միայն 19%-ն է կողմ արտահայտվել Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում որևէ հատուկ կարգավիճակ տրամադրելուն, իսկ 14%-ն ասել է, որ չի կողմնորոշվում։

Agora Analytical Collective-ի հարցումն անցկացվել է 2022-ի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 27-ը՝ հիբրիդային մեթոդով: Որոշ հարցվողներ հարցերին պատասխանել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Հարցումն անցկացրած կամավորները նաև հարցման հղումը տարածել են իրենց տարբեր համայնքներում (օրինակ՝ սոցիալական մեդիայի թեմատիկ խմբերում):

Հոգ է տարվել այն մասին, որ հարցումը չսահմանափակվի երիտասարդ բնակչության որոշակի հատվածով:

Հարցմանը մասնակցածների 56%-ն ապրում է Ապշերոնի թերակղզում, որտեղ է մայրաքաղաք Բաքուն։ Մնացած 44%-ը 12 տնտեսական և 29 վարչական շրջաններից են։ Հարցվածների 51%-ը եղել են տղամարդիկ, 49%-ը՝ կանայք։

Մեկնաբանել