Վիգեն Սարգսյանը քաղաքական հետապնդում է որակում իրեն ներկայացված մեղադրանքը

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրեն ներկայացված մեղադրանքը որակում է «քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում»։

«Այդ բնակարանների բաշխման գործառույթն, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը: Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Սարգսյանը նշում է, որ դատախազությունն իր հետ կապ հաստատելու որևէ ջանք չի գործադրել՝ զրկելով իրավունքները պաշտպանելու հնարավորությունից․ «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ»,- գրել է նա։

Դատախազությունը փետրվարի 9-ին հայտարարել էր Վիգեն Սարգսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու մասին։ Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց։

Մեկնաբանել