Սխալ է Վահագն Ալեքսյանյանը․ Ադրբեջանի ռազմական բյուջեն վաղուց Հայաստանի պետբյուջեից մեծ չէ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե առաջին անգամ իրենց իշխանության ժամանակ է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելի չէ Հայաստանի ողջ պետական բյուջեից։

«Եթե մենք բանակին ավելի քիչ ուշադրություն դարձնեինք, փաստացի մեր իշխանության գալով համարյա չէինք կրկնապատկի ռազմական բյուջեն, առաջին անգամ ռազմական բյուջեն չէր հատի մեկ միլիարդի շեմը [դոլարային արտահայտությամբ – խմբ.] ու առաջին անգամ չէր լինի, որ առհասարակ Ադրբեջանի մենակ ռազմական բյուջեն մեր ամբողջ պետական բյուջեից մեծ չի»,- ասել է պատգամավոր Ալեքսանյանը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է պատգամավորի այս պնդումները։

Հայաստանի պետբյուջեն ավելի է Ադրբեջանի ռազմական բյուջեից դեռ 2015-ից

Հայաստանի պաշտպանության ապահովման ծախսերը պետական բյուջեի 2023-ի նախագծով նախատեսվել է մոտ 513 մլրդ դրամ (~$1,3 մլրդ), որը, իրոք, ավելի քան կրկնակի ավելի է 2018-ին կատարված 228 մլրդ դրամ ռազմական ծախսերի համեմատ։

2022-ին ռազմական պաշտպանության ծախսերը փաստացի կազմել են 477,3 մլրդ դրամ (նախատեսվել էր՝ 340,57 մլրդ դրամ) և այսպիսով՝ այդ թվում դրամի արժևորման շնորհիվ, հատել 1 մլրդ դոլարի շեմը։

Հարկ է նշել, որ այս թվերում ներառված չեն ԱԱԾ-ի սահմանապահ ծառայության և ռազմարդյունաբերության ծախսերը, իսկ 2023-ի ռազմական բյուջեի թիվը կարող է տարվա ընթացքում փոխվել։

Սակայն պատգամավորի պնդումը, թե առաջին անգամ ներկայիս իշխանության ժամանակ է, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն ավելի չէ Հայաստանի ամբողջ պետական բյուջեից, սխալ է և ժամանակավրեպ։ Այս հայտարարությունը արդիական չէ սկսած 2015-ից։ Մինչ այդ, այո՛՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է եղել ՀՀ ամբողջ պետական բյուջեից, սակայն իրավիճակը փոխվել է 2015-ից։

Հայաստանի պետբյուջեն 2015-ին կազմել է 1,4 տրլն դրամ կամ այդ տարվա միջին փոխարժեքով՝ մոտ 2,95 մլրդ դոլար։ Համաձայն Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015-ին կազմել է 2,9 մլրդ դոլար՝ այսինքն մոտ 50 մլն դոլարով պակաս ՀՀ պետբյուջեից։ Այդ տարի, ըստ SIPRI-ի տվյալների, ՀՀ ռազմական բյուջեն կազմել է մոտ 447 մլն դոլար։

Loading...

Loading…

Գրաֆիկում մինչև 2021-ը՝ SIPRI-ի տվյալները ներառում են միայն երկրների ռազմական բյուջեների նախագծերը, այլ ոչ թե փաստացի կատարված ծախսերը.

Հետագայում Հայաստանի պետբյուջեն շարունակական աճ է գրանցել և այլևս Ադրբեջանի ռազմական բյուջեից նվազ չի եղել, ինչը չի կարելի ասել Հայաստանի ռազմական բյուջեի վերաբերյալ, որը 2014-ին ադրբեջանական ռազմական բյուջեից մոտ 7 անգամ նվազ է եղել։ 2015-ից հետո Ադրբեջանի ռազմական ծախսերը նվազել են, սակայն, միևնույն է, մշտապես 3-4 անգամ է ավելի են եղել ՀՀ ռազմական բյուջեից։

Հայաստանի պետբյուջեն 2023-ին կազմում է մոտ 6,5 մլրդ դոլար (ծախսերը), իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3,1 մլրդ դոլար։ 2023-ի բյուջեով Հայաստանի ռազմական ծախսերը ծրագրված են մոտ 1,3 մլրդ դոլար, ինչը մոտ 2,5 անգամ պակաս է Ադրբեջանի ռազմական ծախսերից։

Այսպիսով, Վահագն Ալեքսանյանի պնդումը, թե առաջին անգամ իրենց իշխանության օրոք է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ՀՀ ամբողջ պետական բյուջեից մեծ չէ, սխալ է։

Աջակցել մեզ

Մեկնաբանել