Արցախում դրամահավաք են կազմակերպում՝ Սիրիայի երկրաշարժից տուժած հայերին օգնելու համար

Արցախի կառավարությունը որոշել է դրամահավաք կազմակերպել՝ Սիրիայի երկրաշարժից տուժած հայերին օգնելու համար, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին»,- ասված է հայտարարությունում։

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով Թուրքիայում զոհվել է առնվազն 18 342 մարդ, Սիրիայում զոհերի թիվը շուրջ 3 377 է։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 61 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել