Արագածոտնի նախկին մարզպետը պետությունից հափշտակել է շուրջ 72 մլն դրամ

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է շուրջ 72 մլն դրամ, հայտնում է դատախազությունը։

2009-ին Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Սահակյանը ի պաշտոնե տեղյակ է եղել Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով։

«Նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառել ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը»՝ մարզպետը թույլատրել է իր եղբորը՝ Ն.Ս.-ին, իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա, դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազի կողմից ներկայացվել է գույքային հայց՝ հօգուտ ՀՀ պետական բյուջե 72 մլն 448 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ:

Մեկնաբանել