Հայկական բեռնատարները հատել են սահմանը և օգնություն տարել Թուրքիա (լրացված)

Հայաստանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային։ Օգնության բեռնատարներն անցել են Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով։

«Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»,- Թվիթերում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Սա 1993-ից ի վեր հայ-թուրքական փակ սահմանը հատելու եզակի դեպքերից է։

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը թվիթ է արել, որ 1993-ից ի վեր առաջին անգամ բեռնատարները հատեցին Հայաստան-Թուրքիա սահմանը՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար երկրաշարժից տուժած շրջաններ։

Հարավարևելյան Թուրքիայում և հյուսիսային Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն էր ուղարկել այդ երկու երկրներ։ Այդ քայլին նախորդել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսային զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ «Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից»,- Փաշինյանին ասել էր Թուրքիայի նախագահը:

Փետրվարի 11-ի դրությամբ՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24 000-ի, որից մոտ 20 000-ը՝ Թուրքիայում։

Հայաստանը և Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ։ 1993-ից ի վեր երկու երկրների սահմանը փակ է՝ Թուրքիայի կողմից։

ԼՐԱՑՈՒՄ

Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Թվիթերում նկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել․

«Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, շնորհակալություն հարգելի Ռուբեն Ռուբինյան՝ ձեր բարի ջանքերի համար, որ սա իրականություն դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ մեղմելու մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանում»։

ՍիվիլՆեթի ռեպորտաժը Մարգարա գյուղից՝ ստորև․

Մեկնաբանել