«Հայ-թուրքական սահմանով հումանիտար բեռն անցկացնելը դրական ազդակ կարող է լինել բանակցություններում»

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի ուղարկած հումանիտար բեռը հայ-թուրքական սահմանով անցկացնելը դրական ազդակ կարող է լինել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։

«Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին և առաջարկի օգնություն։ Առաջին հերթին սա է եղել Հայաստանի նպատակը։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին և այդ բանակցությունների վրա այս քայլի ազդեցությանը, իհարկե, այդ նրբերանգը կա։ Ընկալման տեսանկյունից առնվազն, կարծում եմ, որ սա որոշակի առումով դրական ազդակ է։ Մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհները։ Հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,- փետրվարի 13-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Խանդանյանը։

***

Փետրվարի 11-ին Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային։ Օգնության բեռնատարներն անցել են Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով։ Սա 1993-ից ի վեր հայ-թուրքական փակ սահմանը հատելու եզակի դեպքերից է։

Հարավարևելյան Թուրքիայում և հյուսիսային Սիրիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարական խմբեր էր ուղարկել երկու երկրներ։

Փետրվարի 13-ի դրությամբ՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34 000-ի, որից մոտ 30 000-ը՝ Թուրքիայում։

Մեկնաբանել