«Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը՝ «կայուն»-ից դեպի «դրական»

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։

Ըստ Ֆիթչի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած են տնտեսության դրական դինամիկան և բարձր տնտեսական աճը, որի վրա դրական ազդեցություն է ունեցել մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքի բեռի նվազումը, տնտեսության արտաքին դիրքի բարելավումը:

Մասնավորապես, հատկանշական է Հայաստանի բարձր տնտեսական աճը, որը 2022-ին գնահատվել է 11,6%՝ ամենաբարձրը վերջին 15 տարիների ընթացքում: Բարձր աճի ձևավորման վրա ազդել են միգրանտների և կապիտալի զգալի ներհոսքը։ Գործակալությունն ակնկալում է, որ միգրանտների զգալի մասը կմնա Հայաստանում առնվազն երկու-երեք տարի, ինչը կհանգեցնի դրական տնտեսական զարգացումների պահպանմանը:

Արձանագրվել է նաև բյուջեի դեֆիցիտի զգալի նվազում՝ պայմանավորված հիմնականում հարկային եկամուտների բարձր աճով: Արդյունքում, 2022-ին բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 2,2% 2021-ի 4,6%-ի դիմաց: Բացի այդ, կառավարության պարտքը 2022-ին նվազել է գրեթե 13 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 47,6%-ը և ակնկալում է, որ միջնաժամկետ հատվածում կպահպանվի այդ մակարդակում։

Դրական է գնահատվում նաև կապիտալի ներհոսքի պայմաններում արտաքին դիրքի բարելավումը՝ ընթացիկ հաշվի հավելուրդը, ինչը նպաստել է նաև արտարժութային պահուստների 880 մլն ԱՄՆ դոլար ավելացմանը: Բացի այդ, 2022-ին զուտ արտաքին պարտքը նվազել է մոտ 12 տոկոսային կետով և կազմել է ՀՆԱ-ի 44,5%-ը։ Գործակալությունը արտաքին կայունության տեսանկյունից կարևորում է ԱՄՀ հետ 171 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա կանխարգելիչ նոր ծրագիրը, որը բացասական արտաքին ցնցումների դեպքում կարող է հանդիսանալ որպես բուֆեր:

Միևնույն ժամանակ, Գործակալության դիտարկմամբ Հայաստանն առանձնանում է կառավարման ուժեղ ցուցանիշներով, ինչպես նաև մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակով և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությամբ:

Գործակալության կողմից նշվել են նաև սուվերեն վարկանիշի հետագա բարելավմանը նպաստող գործոնները, որոնք են՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի շարունակական նվազումը և կապիտալի զգալի ներհոսքի արդյունքում արձանագրված արտաքին դիրքի և ֆինանսների բարելավման պահպանումը միջնաժամկետ հատվածում:

Մեկնաբանել