«Սկսված աշխատանքներն ավելի ակտիվ կշարունակվեն»․ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է պետական մարմինների ղեկավար կազմը։ Այս մասին հայտնում են Արցախի պետնախարարի աշխատակազմից։

Ռուբեն Վարդանյանը՝ ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար:

«Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, Արցախում իսկապես շատ մեծ ուժ կա, որը դրսում տեսանելի չէ։ Այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Շատ գործ կա անելու։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք, կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը:

Խորհրդակցության ընթացքում պետական մարմինների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում ընթացիկ իրավիճակը, քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը: Ներկայումս այդ ուղղությամբ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում: Այս համատեքստում պետնախարարը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:

Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:

Անդրադարձել է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 64 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել