Հայ փրկարարները Թուրքիայի Ադիյաման քաղաքում փլատակներից դուրս են բերել 3 տուժածի

Թուրքիայի Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Սիրիա և Թուրքիա մեկնած հայ փրկարարները արդեն վեցերորդ օրը շարունակում են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ:

«Սիրիայում և Թուրքիայում աշխատանքային տարբեր տեղամասերում հայ փրկարարները շարունակում են իրականացնել նաև շինությունների թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման, փլատակների քանդման և տարածքից հատուկ տեխնիկայով հեռացման աշխատանքներ։ Կինոլոգիական խումբը ևս ակտիվորեն ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներին»,- ասված է ծառայության հաղորդագրությունում։

Հարավարևելյան Թուրքիայում և հյուսիսային Սիրիայում փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Փետրվարի 13-ի դրությամբ՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36 000-ի, որից ավելի քան 31 600-ը՝ Թուրքիայում։