Եվրոպական կառույցներին դիմողները կարող են պարզապես կորցնել երկիրը, ըստ Պետդումայի նախագահի

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «եվրոպական ինստիտուտներին ուղղված հայտարարություններ անողները կարող են պարզապես կորցնել երկիրը»։ Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավելը սրելու է իրավիճակը, նորանոր խնդիրներ է ստեղծելու․ «Պետք է տասն անգամ մտածել և կշռադատել, թե ինչպես կարող է Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավելու ցանկությունն ավարտվել՝ նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով»։

Փետրվարի 13-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սագիբա Գաֆարովայի հետ, տեղեկացնում է Պետդումայի պաշտոնական կայքը։

Վյաչեսլավ Վոլոդինը և Սահիբա Գաֆարովան Պետդումայի և Միլի Մեջլիսի միջև համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Սա առաջին նման համաձայնագիրն է ադրբեջանական խորհրդարանի հետ։

Վոլոդինն ու Գաֆարովան քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Պետդումայի նախագահն իր խոսքում նախազգուշացրել է տարածաշրջանում իրավիճակի լուծման գործում եվրոպական կառույցներին, մասնավորապես, Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավելու փորձերի հետևանքների մասին և հիշեցրել է՝ «ինչի հանգեցրեց նրանց գործունեությունն Ուկրաինայում»:

Վոլոդինն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրի հիման վրա․ «Կա որոշում, որն ընդունվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով։ Մենք առաջնորդվելու ենք դրանով և մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Իսկ նրանք, ովքեր եվրոպական ինստիտուտներին ուղղված հայտարարություններ են անում, կարող են պարզապես կորցնել երկիրը»։

«Նախքան Եվրախորհրդարանին կոչ անելը և այդ մարմնին ինչ‑որ հարցերի լուծման մեջ ներքաշելը, պետք է պատասխանել հետևյալ հարցերին. իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ‑ի մասնակցությամբ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա։ Տեսեք, թե ինչ էր կատարվում Ուկրաինայում։ Այսօր ուկրաինացիները «սպառման նյութ են», մեծ թվով մարդիկ են մահանում, պետականությունը կորչում է»,- ասել է Վոլոդինը։

ՌԴ Պետդումայի նախագահը նաև հիշեցրել է Հարավսլավիայի օրինակը, թե «ինչպես ԱՄՆ-ն օգնելու ցանկության քողի տակ ամեն ինչ հասցրեց այդ երկրի կործանմանը»։

«Պետք է տասն անգամ մտածել և կշռադատել, թե ինչպես կարող է Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավելու ցանկությունն ավարտվել՝ նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով։ Նա, ով խաղաղություն է ուզում, ով իրավիճակի կարգավորում է ուզում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ խորհրդարաններից՝ թե ԵԽԽՎ-ից, թե Եվրախորհրդարանից, այլ հստակ հասկանա, որ նրանց ներքաշումը սրելու է իրավիճակը, նորանոր խնդիրներ է ստեղծելու։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,-ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը։

***

Հունվարի 23-ին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Հայաստանում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու տարով քաղաքացիական առաքելություն է տեղակայելու։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։

Մեկնաբանել