Բանակում մահերի չավարտվող վիճակագրությունը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Բանակում ծառայության հետ կապված և չկապված արձանագրվող մահերը շարունակում են լուրջ խնդիր մնալ։ 2023-ի հունվարին Գեղարքունիքի Ազատ գյուղում կացարանի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահը կրկին հանրային բուռն քննարկման դաշտ բերեց ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրվող մահերի խնդիրը։

2023-ին հունվարի 30-ի դրությամբ ՀՀ-ի և Արցախի Զինված ուժերում արձանագրվել է մահվան 18 դեպք, որոնցից 16-ը ծառայության հետ կապված են, 2-ը՝ ոչ։

Ինչպես տեղեկանում ենք դատախազության տրամադրած տվյալներից, բացի Ազատ գյուղի կացարանում 15 զինծառայողների զոհվելուց, մեկ մահվան դեպք գրանցվել է հիվանդությունից, 1-ը՝ ավտովթարից, 1-ը՝ դժբախտ պատահարից։

2022-ի ողջ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է ծառայության հետ կապված և չկապված մահվան 64 դեպք։ Այս թվի մեջ չի մտնում սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհերը, որը 2023-ի հունվարի 30-ի դրությամբ 222 է։

2022-ին գրանցված ծառայության հետ կապված մահերի շուրջ կեսը՝ 14-ը, եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն։ Սակայն շարունակում են գրանցվել ոչ մարտական պայմաններում մահերի դեպքեր։

Այսպես, 2022-ին մահվան հնգական դեպք եղել է ներքին սպանության և ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով։ Չորս մահ էլ գրանցվել է ծառայության հետ կապված ավտովթարի հետևանքով։

Ինչ վերաբերում է ծառայության հետ չկապված մահերին, ապա գրանցված 32 մահից 15-ը եղել է ավտովթարի, 13-ը՝ հիվանդությունների, 2-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով։

Բանակում մահերը 2016-ից սկսած

Խաղաղ պայմաններում բանակում զոհերի խնդիրը պարբերաբար հայտնվել է քաղաքական և հանրային ուշադրության կենտրոնում։ 2020-ի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե 2019-ին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ըստ տվյալների՝ այդ տարի ՀՀ և ԱՀ Զինված ուժերում արձանագրվել էր զինծառայողի մահվան 49 դեպք։ «Փաստերի ստուգման հարթակը», ներկայացնելով իրավապաշտպան կազմակերպությունների տվյալները, փաստել էր, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 49-ից ցածր։

Բացի այդ, իրավապաշտպան կազմակերպությունները բանակում զոհերի թվի կրճատման մասին խոսելը համարել էին անտեղի և ժամանակավրեպ՝ հաշվի առնելով բանակում լուրջ բարեփոխումների և մթնոլորտի փոփոխությունների բացակայությունը։ Եվ արդեն 2020-ի փետրվարի կեսին՝ այսինքն 1,5 ամում միայն ՀՀ և ԱՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվել էր 13 զոհ։

Փաշինյանն անդրադառնալով գրանցված զոհերի թվին՝ նշել էր, թե ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի աշխատանքային թեմա։

«Հույս ունեմ՝ առաջ կկարողանանք շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով»,- ասել էր նա։

Վերլուծելով վերջին վեց տարիների վիճակագրությունը՝ պարզ է դառնում՝ ծառայության հետ կապված մահերի մեջ գերակայում են ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպերը։ 2016-ին գրանցվել էր նման 14 դեպք, 2017-ին՝ 10, 2018-ին 11, 2019-ին՝ 7, 2020-ին 13, 2021-ին՝ 5։

Վերջին տարիներին ծառայության հետ կապված մահերի պատճառների վիճակագրության մեջ մեծ թիվ են կազմում նաև ավտովթարները՝ վերջին վեց տարում՝ 31 դեպք, ներքին սպանությունները՝ 25 դեպք, և հիվանդությունները` 24 դեպք։ Դժբախտ պատահարների հետևանքով վերջին վեց տարում գրանցվել է 22 դեպք, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով՝ 20 դեպք։

Հակառակորդի կողմից սպանությունների դեպքերը ևս մեծ թիվ են կազմում։ Դրանք նվազել էին 2018 (7 դեպք) և 2019 (4 դեպք) թվականներին, սակայն այս տարիներից առաջ և հետո եղել են տարեկան երկու տասնյակի շրջանակում։

Ծառայության հետ չկապված մահերն էլ վերջին վեց տարում չեն պակասել։ 2016-ից 2023-ին գրանցվել է 194 դեպք։ Այս մահերի 44 տոկոսը (86 մահ) հիվանությունների, 39 տոկոսը (77 մահ)՝ ծառայության հետ չկապված ավտովթարների հետևանքով են։ Ծառայության հետ չկապված մահերն էլ չեն նվազում։

Այպիսով, ՀՀ և ԱՀ զինված ուժերում 2016-ին գրանցվել է մահվան 153 դեպք (ծառայության հետ կապված` 140 և չկապված`13): Այս թվի մեջ են մտնում նաև Քառօրյա պատերազմի զոհերը՝ 75: 2017-ին գրանցվել է մահվան 76 դեպք (ծառայության հետ կապված` 56 և չկապված` 20), 2018-ին՝ 63 դեպք (ծառայության հետ կապված` 38 և չկապված` 25), 2019-ին՝ 49 դեպք (ծառայության հետ կապված` 20 և չկապված` 29):

2020-ին, 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, ԱՀ և ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 101 դեպք (ծառայության հետ կապված` 60 և չկապված`41): 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը 2023-ի փետրվարի 9-ի դրությամբ 3754 է, իսկ քաղաքացիական անձանց թիվը՝ 78, ընդհանուր՝ 3832։ Անհայտ կորած է համարվում 178 զինծառայող և 20 քաղաքացիական անձ։

2021-ին գրանցվել է 74 դեպք, որից 42-ը՝ ծառայության հետ կապված, 32-ը՝ չկապված։

2022-ին, ինչպես նշել ենք, գրանցվել է ընդհանուր 64 դեպք, ևս 222 հոգի զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։

Այսպիսով, մարտական պայմաններում գրանցվող տասնյակ զոհերին զուգահեռ գրանցվում են մի քանի տասնյակ զոհեր՝ խաղաղ, ոչ մարտական պայմաններում։

Իրավիճակ փոխելու իշխանությունների խոստումները մնում են չիրականացված։

Մեկնաբանել